• Հոդվածներ  /
  • Հատապտուղների երկարատև պահեստավորման միջոցներ

Հատապտուղների երկարատև պահեստավորման միջոցներ

Հատապտուղների երկարատև պահեստավորումը շատ բարդ և մանրակրկիտ աշխատանք է պահանջում: Որպեսզի հատապտուղները երկար պահպանվեն, անհրաժեշտ է ստեղծել հատուկ պայմաններ, ընդ որում յուրաքանչյուրի համար՝ առանձնահատուկ:

 

Ձմերուկի պահեստավորման միջոցներ

Պարզվում է, նույնիսկ ձմերուկն է հնարավոր երկարատև պահեստավորել, ընդհուպ մինչև 3 ամիս: Այսպիսով, ձմերուկի պահեստավորման ինչպիսի՞ մեթոդներ կան: Նախ պետք է ճիշտ ընտրել պտուղը, այն պետք է լինի առողջ, առանց վնասվածքների ու արևայրուքի, քաշը մոտ 4-5 կգ ու հաստ կեղևով: Ընտրված ձմերուկները պետք է դնել նախապես չոր ավազով կամ չոր խոտով լցված արկղի մեջ այնպես, որ դրանք միմյանց չդիպչեն: Արկղերը պետք է պահել մութ, լավ օդափոխվող սենյակում (մոտ 5-8° C, հարաբերական խոնավությունը՝ 60-80%): Ժամանակ առ ժամանակ ձմերուկները պետք է պտտեցնել: Այս կերպ հնարավոր է պահեստավորել ձմերուկը նույնիսկ մինչև 4 ամիս։

Եթե չկա ստաբիլ ջերմաստիճանի ու խոնավության պահպանման հնարավորություն, կա մեկ այլ, ավելի հեշտ մեթոդ։ Պետք է դարձյալ ընտրել առողջ պտուղը՝ 4-5 կգ, լավ փաթաթել հաստ չոր կտորի մեջ, կախել զով սենյակում, այնպես, որ ոչնչի չդիպչի: Այս տարբերակով ձմերուկը հնարավոր է պահպանել 2-3 ամիս։

 

Ելակի պահեստավորման միջոցներ

Ելակի պաահեստավորումը բավականին բարդ է։ Թարմ վիճակում ելակը հնարավոր է պահպանել առավելագույնը 1 շաբաթ, այն էլ՝ սառնարանում, իսկ երկարատև պահեստավորման համար դեռևս հայտնի մեթոդներ չկան: Այդուհանդերձ սառեցմամբ հնարավոր է ձմռանը վայելել ելակի նուրբ համը: Հայտնի միջոցներից է սառցախցիկում սառեցնելը։ Անհրաժեշտ է ընտրել միջին չափի, ձիգ, վառ գույնի, առողջ պտուղներ, լավ կլինի՝ նույն օրվա հավաքած: Խորհուրդ չի տրվում պտուղները լվանալ։ Իսկ եթե անհնար է առանց դրա, ապա լվանալ հնարավորինս զգուշորեն, առանց տերևները պոկելու, որից հետո նույնքան զգույշ լավ չորեցնել թղթե սրբիչով: Պտուղները պետք է հատ-հատ դասավորել սկուտեղի կամ ինչ-որ հարթ մակերեսի վրա և տեղափոխել սառցախցիկ 1 օրով: Հաջորդ օրը հանել արդեն սառած ելակները ու տեղափոխել համապատասխան տարաների մեջ փոքր չափաբաժիններով, ապա վերադարձնել խցիկ՝ երկարատև պահեստավորման:

 

Սև հաղարջի պահեստավորման միջոցներ

Սև հաղարջի պահեստավորումը նման է ելակի պահեստավորման գործընթացին: Այս դեպքում էլ երկարատև պահպանման լավագույն միջոցը սառեցումն է: Ինչպես միշտ, կարևորագույն պայմանը պտուղների ընտրությունն է։ Պետք է ընտրել ձիգ, ոչ շատ հասած, չոր, առանց ճյուղերի հավաքված հատապտուղները: Պահեսավորելուց առաջ զգուշորեն լվանալ ջրի բարակ շիթի տակ, ապա զգուշորեն չորացնել թղթե անձեռոցիկով, որից հետո սկուտեղի վրա դասավորել մեկ շերտով ու տեղափոխել սառցախցիկ՝ 1 օրով: Հաջոդ օրը հանել արդեն սառած պտուղները, բաժանել փոքր բաժինների և լցնել համապատասխան տարաների մեջ, որից հետո վերադարձնել սառնախցիկ՝ երկարատև պահեստավորման: Օգտագործելուց առաջ շատ կարևոր է միանգամից չհալեցնել, անհրաժեշտ է սկզբից դնել սառնարանի մեջ 2.5-3 ժամով, ապա նոր օգտագործել: