• Հոդվածներ  /
  • Մրգերից ու բանջարեղենից պատրաստված հյութերի մակնշումը

Մրգերից ու բանջարեղենից պատրաստված հյութերի մակնշումը


Մրգերից ու բանջարեղենից պատրաստված հյութերի սերտիֆիկացման համար Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է հատուկ փաստաթուղթ՝ «Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը», որը հաստատվել է ՀՀ-ում գործող համապատասխան օրենքների դրույթների համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման հանգամանքը։


  Փաստաթղթում սահմանվում են հյութերն ու հյութամթերքն անվանող հասկացությունները, շուկա մուտք գործելու պայմաններն ու տեխնիկական պահանջները, հյութերի ու հյութամթերքի բաղադրությանը ներկայացվող պահանջները, սննդային հավելումների անվանումները և դրանց թույլատրելի խտությունները, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները։

 

 

 

Ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի հյութերի և հյութամթերքի մակնշումը

 


Հյութերի և հյութամթերքների մակնշման բովանդակությունը պետք է համապատասխանի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Տեխնիկական կանոնակարգով» սահմանված պահանջներին: Մականշվածքը պետք է պարունակի`


1) հյութի և հյութամթերքի անվանումը 

2) արտադրող կազմակերպության ու սպառողների բողոքների ընդունման համար արտադրողի կողմից լիազորված` Հայաստանի Հանրապետությունում գտնվող կազմակերպության (վերջինիս առկայության դեպքում) անվանումը և գտնվելու վայրը.

3) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).

4) մթերքի զտաքաշը կամ ծավալը.

5) մթերքի բաղադրությունը

6) սննդային հավելումների ցանկը (դրանց օգտագործման դեպքում).

7) հյութի կամ հյութամթերքի ծագման երկիրը.

8) պահման պայմանները.

9) պատրաստման տարեթիվը, ամիսը, օրը.

10) պիտանիության ժամկետը.

11) օգտագործման եղանակը (անհրաժեշտության դեպքում).

12) սննդային արժեքը` մանկական սննդի համար նախատեսված հյութերի և նեկտարների.

13) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը:

14) սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայության մասին տվյալները:

 

 

Ինչպե՞ս վերծանել մրգային ու բանջարեղենային հյութերի մակնշումը


Մրգային ու բանջարեղենային հյութերի մակնշվածքը վերծանելն ամենևին էլ բարդ չէ, քանի որ պիտակների վրա նշված ինֆորմացիան հիմնականում պարզ է և հասկանալի։ Շատ սպառողների կարող են հետաքրքրել հյութերն ու հյութամթերքն անվանող տերմինները, որոնք «Տեխնիկական փաստաթղթում» նշված են հետևյալ դասակարգմամբ՝


հյութ

ուղղակի մզման հյութ

թարմ մզված հյութ

վերականգնված հյութ

կոնցենտրացված հյութ

դիֆուզային հյութ

մրգային և (կամ) բանջարեղենային նեկտար

հյութ պարունակող մրգային և (կամ) բանջարեղենային ըմպելիք

օշարակ

կոնցենտրացված օշարակ

մրգային և (կամ) բանջարեղենային խյուս

կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուս

մրգային և (կամ) բանջարեղենային պտղամիս

մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերք

մանկական սննդի համար նախատեսված

և այլ հասկացություններ, որոնց լիարժեք ցանկն ու նկարագրությունը կարելի է գտնել «Տեխնիկական կանոնակարգում»։